Ռուսաստանում հայերը հեռացվել են ներքաղաքական կյանքին մասնակից լինելուց: Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, քաղաքական մեկնաբան Վիկտոր Կոնոպլյովը, որը, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի օրհներգի ռուսերեն թարգմանության հեղինակն է: Նա նշեց, որ այդպիսով հայերի ուշադրությունը սևեռվում է միայն նեղ ազգային խնդիրների վրա ու նրանք վախենում են իրենց հարցերը բարձրացնել բարձր ատյաններում, ինչպիսին՝ Պետդուման է:

— Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում տեղի ունեցած Պետական դումայի ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ խորհրդարան է ձևավորվել: Հայերի ներկայությունն ապահովվա՞ծ է:

— Ես ուսումնասիրել եմ ընտրություններին մասնակից կուսակցությունների ընտրացուցակները: «Հայրենիք», «Պառնաս», Լիբերալ-դեմոկրատական, Կոմունիստական կուսակցությունների ընտրացուցակներում չկա որևէ հայկական ազգանուն: «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ընտրացուցակում 2 հայ թեկնածու կա, «Արդար Ռուսաստանում»՝ 6 հոգի, «Խնձոր» կուսակցությունից 1 մարդ, «Կուսակցություն Ռուսաստանի թոշակառուների համար»՝ 2 հոգի, «Ռուսաստանի ազգայնականները» կուսակցությունից՝ 3 մարդ:

Ընտրությունների արդյունքում 4 կուսակցություն է անցել Պետական դումա՝ «Եդինայա Ռոսիյա», Կոմունիստներ, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Արդար Ռուսաստանը»: «Հայրենիք» ու «Քաղաքացիական հարթակ» կուսակցություններն էլ մեկական մանդատ են ստացել:  Արդյունքում, լավագույն դեպքում Պետդումայում կարող է հայտնվել 8 հայ. վերջնական թիվը հիմա դժվար է ասել, որովհետև կուսակցությունները չեն հրապարակել իրենց ցուցակները:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հայերը, որոնք հարյուրավոր կազմակերպություններ ունեն, հեռանում են ռուսաստանյան ներքաղաքական կյանքին մասնակցելուց: Այդպիսով՝ հայերի ուշադրությունը սևեռվում է միայն նեղ ազգային խնդիրների վրա ու նրանք վախենում են իրենց հարցերը բարձրացնել բարձր ատյաններում, ինչպիսին՝ Պետական դուման է:

— Այսինքն՝ Պետդուման բավարար հետաքրքրված չէ՞ հայերի ու առհասարակ, փոքրամասնությունների խնդիրների բարձրացմամբ: Ինչո՞ւ:

— Ռեզոնանսային հարցերից, որոնք բարձրացվել են Դումայում, կհիշեք երևի  «Արդար Ռուսաստանի» հայտարարությունը հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու վերաբերյալ, որը, ցավոք, չստացավ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Հավանաբար, Դումայի առանձին հանձնաժողովներում այլ հարցեր ևս քննարկվում են, բայց դրանք չեն մտնում լիագումար նիստի օրակարգ: Չգիտեմ՝ արդյոք Հայաստանի համար ասա բավարար է համարվում, թե՝ ոչ:

Բացի այդ, գոյություն ունի միջխորհրդարանական ֆորմատ. ՀՀ ԱԺ և ՌԴ պետդումայի միջև կա համագործակցություն, որոնք տարեկան երկու անգամ հանդիպում են: Համագործակցություն կա միջազգային հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ ԽՎ և այլն: Իհարկե, նման հարթակներում քննարկվում են ավելի գլոբալ հարցեր, որոնք, սակայն, անդրադառնում են մեր պետությունների հասարակ քաղաքացիների վրա:

— Ռուս հասարակությունն ի՞նչ հույսեր է կապում տեղի ունեցած ընտրությունների հետ:

— Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հանրության մեծամասնությունը աջակցում են ՌԴ նախագահի քաղաքական վեկտորը, ուստի գլոբալ փոփոխություններ սպասել պետք չէ: Կարևորը, որ Դուման որոշումների, օրինագծերի ընդունումից առաջ չմոռանա քաղաքացիների ազատությունների, իրավունքների մասին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:

Անցած կուսակցությունների մասով էլ լրացուցիչ հույսեր չեմ կապում, նրանք վաղուց են քաղաքական հորիզոնում ու նոր չէ, որ պետք է իրենց կարողությունները ցույց տան: Կցանկանայի, որ քաղաքական էլիտան թարմացվեր, որ իշխանության գային թարմ ուժեր, որոնք շաբլոն մտածելակերպ չէին ունենա ու կտանեին երկիրը զարգացման:

Տիգրանուհի Մարտիրոսյան

http://www.tert.am/am/news/2016/09/25/konaplyov/2143163