Перевод Сократа Ханяна:
* * *
Հայաստանը թե չես տեսել, անավարտ է կյանքդ, գիտցիր,
Խստապահանջ ժամանակի օրենքները խախտիր հաստատ,
Թող սպասի ժամանակը, անգամ եթե մատն էլ ցցի,
Ինքնաթիռի գիրկը մտիր ու թևածիր դեպ Հայաստան:
Ինքնաթիռում թող երկու ժամ թևեր առած սիրտդ հուզվի,
Իմացիր, որ Մասսի դիմաց սպասում են քեզ գրկաբաց,
Ուրախության զգացումը քեզ երազի մեջ կսուզի,
Սակայն շուտով քո կարոտը լույսի փոխված քեզ կժպտա:
Ինքնաթիռի պատուհանից փարվիր ամպի քուլաներին,
Սովորական քուլաներ չեն, շունչն են նրանք սեգ սարերի
Շքեղազարդ ՙԶվարթնոցը՚ ձեռքով կանի ներքևից քեզ,
ՙԶվարթնոցը՚, որ արևի գունդն է առել հաղթ թևերին:
Դու վայրէջքի քաղցր պահին կզգաս շունչը Արարատի,
Ու լիաթոք դու կշնչես Հայաստանի օդը մաքուր,
Այդ օդի մեջ կզգաս նաև ջերմությունը բարեկամի,
Դու կլսես ողջույնները ու երգերը միշտ քաղցրալուր:
Հայացքների լույսը կզգաս, բարությունը ձեռքսեղմումի,
Ու կտեսնես յուրահատուկ, կարոտակեզ համակրանք,
Կզգաս ուժը հայոց հողի, որ դարերի տարիքն ունի,
Եվ ընդհանուր եռանդի մեջ դու քեզ կզգաս տիեզերանավ:
Տիեզերքից դու կտեսնես հազարամյա մի ճանապարհ,
Դու կտեսնես դարերի մեջ փառքով օծված ժառանգություն,
Որ կերտել է մի ժողովուրդ` և° աստղագետ, և° շինարար,
Չարերի դեմ ծնկի չեկող, հոգու խորքում` համբերություն:
Ժողովուրդն այդ հին է ու մեծ, դուռն է բացել անմահության,
Բյուր դարերի խաչմերուկում պարզել է միշտ սեր ու հավատ,
Գնա պատվով` մաքրամաքուր ու պատգամով` ծառայության,
Հայաստանը քեզ կընդունի, որպես որդուն իր հարազատ:
Leave A Comment